ՃՈ տեսուչի հիմնական պարտականությունները

Դիտվել է 5794 անգամ

Հարգելի ընթերցողներ, հաշվի առնելով բազմաթիվ վարորդների մոտ առաջացած հարցերը՝ կապված ճանապարհային ոստիկանի պարտականությունների հետ, ներկայացնում ենք ՀՀ կառավարության 23.11.2006թ. թիվ 1769-Ն որոշմամբ սահմանված ճանապարհապարեկային ծառայության շարային ստորաբաժանման ծառայողի համար նախատեսված, անձնական անվտանգությանը վերաբերող հետևյալ հիմնական պայմանները.

ա) ծառայության կատարման վայրն ընտրել այնպես, որպեսզի ինքը հստակ տեսանելի լինի ճանապարհային երթևեկության մասնակիցներին և հնարավորություն ունենա ժամանակին կանխարգելելու իրավախախտումները.

բ) օրվա մութ ժամերին կամ անբավարար տեսանելիության պայմաններում ծառայությունն իրականացնել ճանապարհների լուսավորված հատվածներում, ունենալ լուսարձակող ցուցաձող և լուսաանդրադարձիչ հանդերձանք.

գ) խուսափել ճանապարհային ծածկույթի սայթաքուն տեղամասերում ծառայություն իրականացնելուց.

դ) օրվա մութ ժամերին տրանսպորտային միջոցները կանգնեցնելու համար ընտրել ճանապարհի առավել լուսավորված հատված, անհնարինության դեպքում օգտագործել պարեկային տրանսպորտային միջոցի լապտերների լույսը.

ե) կանգնեցված տրանսպորտային միջոցի կողքին կանգնել այնպիսի դիրքով, որպեսզի բացառվի վարորդի կողմից դուռը կտրուկ բացելու կամ երթևեկությունը հանկարծակի վերսկսելու հետևանքով իրեն հարված հասցնելը.

զ) խուսափել ճանապարհի երթևեկելի մասում իրավախախտման պարզաբանումից, եթե դա խոչընդոտներ է առաջացնում տրանսպորտի երթևեկության համար կամ սպառնում է անձնական անվտանգությանը.

է) շարժման մեջ գտնվող, գունագրաֆիկ երանգավորում ունեցող պարեկային տրանսպորտային միջոցների վրա` ճանապարհային երթևեկության կանոններով սահմանված կարգով միացնել հատուկ լուսային ազդանշանները` օրվա մութ ժամերին կամ անբավարար տեսանելիության պայմաններում, կամ տրանսպորտային միջոցները կանգնեցնելու ժամանակ.

ը) ստուգման ժամանակ պարեկային տրանսպորտային միջոցը կանգնեցնել ստուգվող տրանսպորտային միջոցի հետևի մասում:

թ) փաստաթղթերի ստուգման ընթացքում ճանապարհապարեկային ծառայության շարային ստորաբաժանման ծառայողը պետք է կանգնի կանգնեցված տրանսպորտային միջոցի կողային մասում, ընտրի անվտանգ տարածություն իր և վարորդի միջև, դեպի նա չշրջվի մեջքով և հետևի տրանսպորտային միջոցում կամ դրա կողքին գտնվող անձանց։ Կարգախմբի կազմում գտնվող մյուս ծառայողները պետք է զբաղեցնեն այնպիսի դիրք, որը թույլ կտա ապահովել փոխադարձ անվտանգությունը:

Նշված ոստիկանական պարտականությունները սխալ կատարելը համարվում է օրենքի խախտում և կարող է հանդիսանալ ծառայողական քննության հիմք ոստիկանի նկատմամբ:

Ճանապարհային Ոստիկանության Թեժ Գիծ: 1-77 (անվճար), 010 522763

Աղբյուրը` www.tuganq.am — «Վարորդի Ընկեր» գրասենյակի պաշտոնական կայք

Facebook Comments
facebooktwittergoogle_plusredditpinterestlinkedinmail