Ծուղակ Բաղրամյան — Իսահակյան խաչմերուկում [լուծված խնդիր]

Դիտվել է 28602 անգամ

Ուշադրություն հարգելի վարորդներ, ՃՈ-ի կողմից նոր ծուղակ է ստեղծվել Բաղրամյան և Իսահակյան փողոցների խաչմերուկում:

Ինչպես գիտեք, նախկինում Բաղրամյանից (Օպերայից բարձրացող ուղղությամբ) թույլատրվում էր աջ շրջադարձ կատարել դեպի Իսահակյան փողոց` դեպի Կասկադ:

Բոլորովին վերջերս ոստիկանությունը հաղորդագրություն տարածեց, որում ասվում էր, որ կարգելվի Բաղրամյան փողոցից աջ շրջադարձը դեպի Իսահակյան փողոց, և պաշտոնական կայքում նորության հետ հրապարակվեց նաև այս խաչմերուկի սխեման:

Այս հոդվածում ցանկանում եմ բոլորիդ ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ և՛ նշված սխեմայում, և՛ հենց խաչմերուկի կահավորման ընթացքում չի պահպանվել համապատասխան նորմերը.



1. Իսահակյան փողոցի մուտքի վրա բացակայում է ՃԵԿ 3.1 
«Մուտքն արգելվում է» նշանը, կարող էր արգելվել տրանսպորտային միջոցի մուտքը


2. Բաղրամնան փողոցի վրա մինչև խաչմերուկ հասնելը բացակայում է ՃԵԿ 3.18.1 «Աջ շրջադարձն արգելվում է» նշանը, որը կարգելել վարորդներին շրջադարձ կատարել դեպի աջ:

Եթե ՃՈ-ն տեղադրեր վերոնշյալ երկու նշաններից գոնե մեկը, վարորդները կկարողանային նկատել որ մուտք դեպի տվյալ փողոց արգելվում է: Արգելվում է արգելող նշանով!

Բացի «Մուտքն արգելվում է» նշանի բացակայությունից վարորդներին մոլորության մեջ է գցում միայն այն փաստը, որ տվյալ կողմից փողոցի մուտքին նայելիս Ձեր ուղղությամբ կարող եք տեսնել բազում ՃԵԿ նշաններ. օրինակ`

«Կայանման տեղ». նշանը և դրանից հետո «Կանգառն արգելվում է» նշանը. նույնիսկ ամենափորձառու վարորդը տեսնելով այս նշանները և չհայտնաբերելով որևէ «Մուտքն արգելվում է» նշան, պատրաստվում է մտնել տվյալ փողոց.

ԲԱՅՑ, խորամանկ ՃՈ-ն այս անգամ ուրիշ հնարամտություն է հորինել վարորդների գրպանից փողերը գողանալու համար. 

ՃՈ-ն ուղղակի Բաղրամյան փողոցի վրա` խաչմերուկ չհասած տեղադրել է

4.1.1 «Երթևեկությունն ուղիղ» նշանը, և միայն դրանով «արգելում» է մուտքը տվյալ փողոց.

Ճանապարհային Ոստիկանությունը և Սեքյուրիթի Դրիմը արդեն այս հատվածում տեղադրել են տեսախցիկ և մոլորության մեջ գցելով վարորդներին տուգանում են օրենքի ամենայն խստությամբ:

Այս տեսանյութը արդեն կազմված արձանագրությունից է վերցված. մի քանի վայրկյանում մի քանի «խախտում»:

Նույնիսկ եթե այս իրադրության մեջ ամեն ինչ օրենքի սահմաններում է, բայց հավատացեք հարգելի ոստիկաններ. ՍԱ ԱՆԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ Է!

Թարմացում (02/08/2017).
ՀՀ ՃՈ պետի տեղակալ Արմեն Խաչատրյանը իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է այս հոդվածին, անվանելով բամբասանք.
Թերևս պարզ է, որ մեր բամբասանքները ավելի են օգնում ժողովրդին չտուգանվել, քան ՃՈ-ի թափած ջանքերը, որոնք ըստ օրենքի պետք է բխեին վարորդների շահերից, ոչ թե միտված լինեին նրանց հնարավորինս շատ տուգանելուն:

Թարմացում (07/08/2017).
Վարորդի Ընկեր Իրավապաշտպան ՀԿ-ն հանդես է եկել բաց նամակով ուղղված ՃՈ և Քաղաքապետարան:

Թարմացում (14/08/2016).
Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ հանվել է Բաղրամյան-Իսահակյան խաչմերուկի «միայն ուղիղ» թելադրող նշանը, որով ծուղակ էր ստեղծվել վարորդների համար:

Օգոստոսի 15-ից թույլատրվում է Բաղրամյանից (ներքևից բարձրանալուց) աջ շրջադարձ կատարել դեպի Իսահակյան փողոց:
Շնորհակալություն բոլոր օգտատերերին, ովքեր տարածելով և աբրձրաձայնելով խնդրի մասին իրենց լուման ունեցան ծուղակի վերացման գործում:

Հարգելի վարորդներ, եթե դուք նույնպես տուժել եք ՃՈ-ի այսպիսի անբարեխիղճ աշխատանքից, հորդորում ենք անպայման բողոքարկել:
Ցանկության դեպքում կարող եք դիմել Վարորդի Ընկեր իրավապաշտպան կազմակերպությանը, որտեղ անվճար կօգնեն բողոքարկել և բեկանել այսպիսի անբարեխիղճ ՃՈ որոշումները:
Կարող եք նաև միանալ մեր խմբին ֆեյսբուքում, որտեղ կգտնեք թեժ քննարկումներ վիճելի որոշումների հետ կապված. Խումբ` Ճանապարհային Ոստիկանություն և Կարմիր գծեր

Հարցերի, լրացումների և առաջարկությունների համար կարող եք գրել իմ էլ փոստին` 102@mesrop.am

Հարգանքներով,
Մեսրոպ Մինասյան

Facebook Comments
facebooktwittergoogle_plusredditpinterestlinkedinmail